ես եւ նա

January 26, 2011 at 2:19 am | Posted in Uncategorized | Leave a comment

Ես եկա վերջապես քաղաք: Նրան չկարողացա ամբողջ օրը գտնել, տանը չէր: Գնացի հանդիպման մեկ ուրիշի հետ: Մեկ ուրիշի հոտը իմ արուի հոտը չէր, ես էլ հովազ էի դառնում, հոտով էի իմ արուին փնտրում: Մեկ ուրիշին ասացի՝ իմը չես, կներես: Մեկ ուրիշը գնաց գլխիկոր, մեկ ուրիշը չէր հասկացել, որ ես հովազ եմ, իսկ ինքը շուն: Ինձ իմ հովազն էր պետք, շուն պետք չէր: Հովազը չկար: Մի քիչ ման եկա, հետ եկա տուն: Էլի զանգեցի: Տանն էր: Հյուր կանչեց: Քաղաքի ծառերի վրայով թռա գնացի հասա նրա տուն: Նրա տունը մտնելու վայրկյանից ինձ թվաց իմ տունը: Իմ որջը: Որովհետեւ տուն չէր, քաղաքում չէր, գյուղում էլ չէր, երեւի անտառում էր: կարգին ու թափթփված գրքեր, շորեր, զանազան մանր մունր բաներ, դատարկ սառնարան, գոռացող հեռուստացույց, իմ ձայներիզները, իմ հասարակ արհեստական լամպի վառ լույսը, իմ կանաչ գույնը, որը իրականում կանաչ չէր, բայց ինձ կանաչ էր թվում ու ամենակարեւորը իմ հոտըտանն էի ես: Ամեն ինչ այնպես էր, ինչպես իմ տանը կլիներ, եթե ինձ տուն լիներ: Բայց չկար: Նրա տունն էլ իմը չէր, ու չէր կարող լինել ոչ մի դեպքում, որովհետեւ նա կին ուներ: Բայց կինը տանը չէր, ու ես կարող էի համարել, որ այդ գիշերը նրա տունը մեր երկուսի տունն էր: Համարեցի: Նստեցի գետնին: հետո կանգնեցի: հետո սկսեցի ոգեւորված թռվռալ: նա շարունակում էր մնալ նստած: Իսկ ես շարունակում էի թռվռալ ծառից ծառ, նստել, ու անընդհատ խոսում էի, նա էլ լսում էր, ու քանի որ չէր թռվռում ինձ նման, հանգիստ էր ու հանդարտ: Սիրում էր լսել նա, ինչպես եմ ես խոսում, ես տեսնում էի, նա նայում էր իմ թռվռալուն, երեւի չէր կարողանում հասկանալ թռվռալուս պատճառը: Նա չէր ուզում թռվռալ: Ես ուզում էի: Մի շիշ իմ սիրած մուգ գարեջրից ուներ, բերեց: Խմեցինք: Շարունակել գարեջրահրավառությունը չուզեցինք: Ոչ ես, ոչ նա: Երկուսս էլ վաղուց հոգնել էինք նմանատիպ հրավառություններից, գերհագեցել էինք: Շարունակեցինք զրուցել: Նա չէր հասկանում թռվռալուս պատճառը: Ես էլ չէի հասկանում: Բայց թռվռում էի ու խոսում: Հեռուստացույցի գոռգոռոցը փոխարինվեց ջազով: Մենք շարունակում էինք զրուցել: Թեմա չկար: Այսինքն կար, մեկը չէր: Շատ էին: Թեման ամեն ինչ ու ոչինչ էր: Ես ոգեւորված էի, նա հանգիստ: Նա միշտ է հանգիստ: Ես անհանգիստ եմ: Նա ինքնաբավ է: Ես թերի: Նա կազմակերպված է: Ես ցրված եմ: Մենք ընդհանուր ոչինչ չունենք, բացի անհասկանալի հարաբերություններից ու նույն անկյան տակ աշխարհին նայելուց եւ այն նույնատիպ ընկալելուց:Ես նրան վաղուց էի սիրում: Նա չէր սիրում ինձ: Սիրում էր, բայց ես նրա հովազը չէի, նա իրենն ուներ վաղուց, ու սիրում էր նրան: Ես գիտեի: Բայց ուզում էի, որ նա այդ գիշեր իմը լիներ, միայն այդ գիշեր: Հետո ոչինչ: Միայն մի գիշեր: Նա գիտեր: Չնայած տեսքն այնպիսին էր, որ չգիտի, չի հասկանում: ՀոտըՀոտն էր մեղավոր: Ես այդ գետը մի անգամ ոտաբոբիկ մտել էի, ու քիչ էր մնացել գետի հոսանքը իմ ոտքերն ու սիրտը պոկի մարմնիցս ու հասցնի ատլանատյան օվկիանոս, ինձ թողնելով անսիրտ ու անոտ: Նրան էլ չէի տեսնի այդ ժամանակ ընդհանրապես, որովհետեւ ոտքեր չէի ունենա, ու կանգնեմ ափին, փող էլ չունեի որ հաշմանդամի սայլակ առնեմ: Սիրտ էլ չեն վաճառում, ամեն մեկն իր սիրտն ունի, ու պահում է իր համար: Ու ես երդվել էի, որ էլ չեմ մտնի այդ գետը: Բայց հոտը: Այն ժամանակ կար միայն գետ, որի մյուս ափին նա էր, հոտը չկար: Իսկ հիմա կար: Հետո: Տունը: Երաժշտությունը: Մայլս Դեւիսը Սիեստայով: Վանդակավոր վզի շարֆը: Կանաչ ակնոցները: Երկար, շեկ, ուսերին նստած մազերը, հին կաշվի հոտը, կանաչ աչքերը: Հոտը: Ամեն ինչի մեղավորն էր հոտը: Ներկերի հոտ էլ կար: Չնայած նկարիչ չէր: Չգիտեմ ի՞նչ էր: Երեւի ամեն ինչ: Ինձ համար ամեն ինչ էր: Ոչ: Ես նրա համար չէի եկել, բայց եթե ասեր գնա, պետք չես այստեղ, մեր անտառում, կվերադառնայի իմ անտառը, որ իրականում անտառ էլ չէր, այլ ընդամենը ծածկի տակ անճաշակորեն հին պահածոների տարաների մեջ աճեցրած խղճուկ, բայց իրենք իրենց կարեւորությունը այս աշխարհում չափազանցրած բույսերի հավաքածու, ու էլի բույս կդառնայի, մոռանալով որ իրականում հովազ եմ, կդառնայի մի վատ աճած, նոսր տերեւներով սենյակային կալանխոէ, որի միակ տված լավ բանը աշխարհին գրիպի համաճարակի ժամանակ մարդկանց շնչուղիները հարբուխի արտադրություններից մի քիչ ազատելն էր: Այդ օրը ես հովազ էի: Նա էլ էր երեւի հովազ, որովհետեւ հովազի հոտ ուներ, որը թարմ հնձած կանաչ խոտի հոտ էր, այն էլ երբ հեռվից ես լսում, առանց շատ մոտենալու: Երեւի պետք չէր շատ մոտենալ, որովհետեւ խոտը կանեփի խոտ էր, արբեցնող ու սթափությունը գերող հոտ: Ես շատ էի մոտեցել: Արբեցի: Արդեն ուշ էր, երբ լռեցինք: Ես էլ, նա էլ: Ես սկսեցի խաղալ սկզբից իմ հոտի հետ, ձեռքիս մեջ շոյելով սեփական շղարշե շարֆը, Անաիս: Մորս օծանելիքն էր, այսինքն նրան էր թվում, թե իրենն է: Իրականում իմն էր: Իմ հոտն էր որովհետեւ: Մայրս չէր տալիս: Ասում էր իմն է: Երբ տանը չէր, մի քիչ գողացել էի, որ իմ հոտը գա ինձնից: Որ նա զգա, իմանա իմ հոտը: Սեփական թարմ քրտնքիս հոտի հետ խառնվելով ինձ տալիս էր իմ բուրմունքը մորիցս գողացած անաիսը: Նա լուռ նստած էր, ոչինչ չէր անում: Անհարմար էր երեւի զգում իրեն: Ես գտա կաշվի հոտի ծննդավայրը: Դա նրա հին, շատ հին մալբորոյի գոտին էր: Սկսեցի հոտոտել, խաղալ հետը, կոճկել ու արձակել, կոճկել ու արձակել չգիտեմ քանի քանի բազում անգամ: Նախորդ գիշերը չէի քնել, թռնում էի իմ արհեստական անտառից շատ անտառների վրայով, որ հասնեմ այս անտառը: Հասել էի: Նույնիսկ որջս էի գտել: Արուիս էլ էի գտել, որը չգիտես ինչի ուրիշինն էր: Դե հիմա: Պատահում է: Կյանք է: Արդեն շատ շատ ուշ էր, կամ էլ շատ վաղ: Չգիտեմ: Կարեւոր չէ: Քունս տանում էր, բայց ափսոսում էի քնել, որովհետեւ գիտեի, որ միայն այդ գիշերն է իմը, հետո` անհայտություն, անորոշություն, իսկ այդ գիշեր ես նրա մոտ էի, նրա հոտով արբած: Ոչ: Նա Ապոլլոն չէր: Նա ինձ համար էր գեղեցիկ: Նրա հոտն էր գեղեցիկ, նրա մտքերը, նրա խոսքերը, նրա հայացքը, նրա թուքը կուլ տալու ձեւը` ես տեսնում էի, թե ինչպես է ճանապարհում դեպի նրա ներսը ադամախնձորը վանդակավոր շարֆի տակից: Իսկ ներսը: Ներսը հանելուկ էր: Ներսը փակ էր: Հարյուր կողպեքներով: Բանալի չունեի: Միայն կարողանում էի բանալու անցքից նայել, ու նույնիսկ այդ փոքրիկ անցքով իմ տեսածը բավական էր, որ թողնեի իմ միշտ տաք պատուհանագոգը, իմ բուսական անհոգ կյանքը, իմ փոքրիկ, բայց պետքական ֆունկցիաները հանձնեի Նաֆտիզին ու Գալազոլին վաճառող դեղատներին, ու դառնայի նորից հովազ: Հետո ես ասացի, որ ուզում եմ քնել: Նա վախեցավ, ես հասկացա: Նա ուզեց պառկել հատակին, ես համոզեցի, որ կարիքը չկա, ես բույս եմ, իսկ բույսն ու հովազը չեն կենակցում: Հովազը նույնիսկ հարբուխի ժամանակ կալանխոէ չի օգտագործում, չգիտի դա ինչ է: Նա էլ չգիտեր, որ ես հովազ եմ: Պառկեց: Մեջքով դեպի ինձ: Ես դեպի նա: Հոտը մոտեցավ ավելի: Ավելի արբեցի: Մտածեցի, գուցե՞ նա էլ է զգում իմ հոտը, ու հասկացել է. որ ես էլ եմ հովազ: Սկսեցի շոյել ձեռքը: Նա չէր դիմադրում: Շոյեցի երկար, հաճելի, թավշյա մազերը, զգալով ամեն մազիկը առանձին: Փշաքաղվեցի: Էգ հովազ էի: Նա էլ արու: Բայց ասաց՝ մի նեղացիր, դու բույս ես, ես հովազ, բնությունը մեզ այսպես է ստեղծել, մենք չենք կարող կենակցել, ես հովազ ունեմ, նրան եմ սիրում: Գուցե մի այլ կյանքում, երբ երկուսս էլ հովազ կլինենք, կամ կաքավ, կամ մոծակ, կկենակցենք, իսկ հիմա ոչ: Հիմա քնենք: Քնենք: Բայց ինչպե՞ս: Ես հո գիտեի, որ հովազ եմ: Հովազիս ինքնասիրությունը վիրավորվել էր, նրան չէին ցանկացել, վանել էին, բույսի տեղ էին դրել, նույնիսկ մի գիշերվա հովազասիրո բաժին չէին տվել: Լացեցի: Լուռ: Երեւի մարմինս ցնցվեց, նա հասկացավ, որ լալիս եմ: Հարցրեց լալի՞ս ես: Ասացի՝ ոչ: Համ էլ կարեւոր չի: Չէ՞ որ բույսի լացը հովազի վրա չպիտի ազդի: Երեւի նա զգաց, որ հովազ եմ: Հոտոտեց, կամ էլ լացս էր հովազի լաց: Չգիտեմ: Բայց սկսեց շոյել ինձ այնպես, ինչպես հովազն է հովազին շոյում: Շոյեց ազդրերս, փորս, ստինքներս: Ես շրջվեցի, փնտրելով նրա շուրթերը: Շուրթերը չտվեց, ասաց հովազը բույսին չի համբուրում: Երեւի բույսի շուրթերը թունավոր էին հովազի համար, մահացու: Հետո կանգ առավ, հիշեց իր հովազին, ու ասաց, չեմ կարող, տենչում եմ քեզ, բայց չեմ կարող դավաճանել կնոջս: Սիրում եմ շատ, չեմ ուզում ցավ պատճառել նրան: Ես հասկանում էի ամեն ինչ, ուղղակի չէի համարում դա դավաճանություն: Ասացի, որ ես կարող եմ նորից դառնալ բույս, եթե այս գիշեր հովազի հետ չկենակցեմ, կախարդանքը կմարի, հօդս կցնդի, նա ասաց՝ պետք չէ, եթե հովազ ես, հովազի պես ապրիր, բույս մի դառնա կրկին, ուրիշ հովազ գտիր քեզ համար, ես քոնը չեմ: Բայց իմն էր, ուղղակի չգիտեր: Մեղավոր չէր: Ես էի մեղավոր, որ խնդրում էի: Մարմինս եփում էր, այնքան էր տաքացել: Նրանն էլ էր եփում, որովհետեւ զգում էի կարծրացած, բավականին պինդ իր տարիքի համար ապացույցը մեջքիս, որ խրվում էր, խփում էր, պատճառելով աշխարհի ամենահաճելի ցավը: Երեւի ես վախեցա կորցնել նրան, որովհետեւ հասկացա, որ կենակցելը այդ րոպեին կարեւոր չէ, բավական է ուղղակի գրկել: Ասացի: Գրկեց: Պտտվեցի մեջքով էլի: Հետո վեր կացավ, սկսեց ինչ որ բանով զբաղվել, միայն նորից չպառկի հովազ դարձած բույսի կողքին: Մեղքից հեռու: Լուսացել էր: Դավաճան, տհաճ ու վառ արեւը վերջը տվեց իմ հույսերին: Ես հուսահատվեցի, դադարեցի պայքարել իմ բաժին հովազասիրո համար: Փորձեցի քնել: Արդեն քնում էի, համենայն դեպս ինչ որ երազանման բան էի տեսնում, երբ նորից զգացի նրա ձեռքերի պաղությունը սկզբում գողտրիկ, մեղմ ու հազիվ`ազդրերիս, հետո ավելի համարձակ ու ակտիվ ստինքներիս վրա: Հույսս վերադարձավ: Լուռ: Շարունակեցի քնած ձեւանալ: Նա էլ շարունակեց ձեւացնել, իբրեւ չգիտի, որ ես քնած չեմ արդեն, որ մարմինս գալարվում է իր ձեռքերի տենչալի քնքշանքի տակ, մեջքս կոտրվում է իմ` նրա համար ցանկալի լինելու նրա պինդ ու իրենից երեւի թե անկախ ապրող ապացույցի ճնշումից: Նա ինձ ուզում էր: Ես էլ նրան: Ես սպասում էի բնական շարունակության, որը ինձ պետք է փրկեր իմ բուսական կյանքին վերադառնալու վտանգից, սարքեր ընդմիշտ հովազ, ինչպիսին էլ ես պետք է լինեի, եթե չհամակերպվեի երկար տարիներ վարած բուսական կյանքիսԲայցՎեր կացավ հանկարծ: Նայում էր ինձ: Ես մեջքիս վրա նրա հայացքն էի զգում, որ ցանկացած հպումից էլ ուժեղ էր, ու այրում էր մերկացած ազդրերս, մեջքս: Գնաց: Լողացավ: Ինձ արթնացրեց: Ես նայեցի դավաճան արեւին, ատեցի նրա վառ լույսը, ատեցի գալիք օրը, ցերեկը, բույսերին, քաղաքը, որը պիտի կլաներ նրան իր կատաղի հորձանուտում, եւ հավանաբար, ինձ էլ կվերադարձներ իմ պատուհանագոգը: Բայց ես հովազ էի, ես հասկացել էի, ես չէի ուզում այլեւս բույս լինել, թեկուզ դեղաբույս: Նա ինչ որ բաներ էր ասում, ես ոչինչ չէի հասկանում, ավելի ճիշտ հասկանում էի, չէի ընկալում: Ասում էր քեզ հավաքիր, աշխատիր, հիշիր ինչի± համար ես քաղաք եկել, հո ինձ համար չե՞ս եկել, հո միայն ես չե՞մ այստեղ հովազ, էլի կան: Ես լուռ համաձայնվում էի ամեն ինչի հետ: Որովհետեւ ճիշտ էր խոսում, ուղղակի զգում էր, որ հովազաեռանդս պակասել է, ու վտանգ կա նորից բույս դառնալու, նա չէր ուզում, ուզում էր հովազ մնամ: Նա ինձ սիրում էր, չնայած իր հովազը չէի: Ասացի ուզում եմ միայն իմանալ իմ լոկ մի գիշերվա սերը մերժելու իրական պատճառը, դա թունավորվելու վա՞խն էր այսքան տարիներ բուսական կյանքով ապրած ու հետեւաբար թունավոր դարձած հովազաբույսիս համբույրներից ու հեշտալի մարմնամարզությունից, թե՞ իրոք հավատարիմ ամուսին է: Նահավատարիմ ամուսին եմ: Ես լռեցի: Ասացի լավ, էլ չեմ ուզի քեզª իմ արուի պես, եղիր ուղղակի ինձ ընկերմարդ: Նաիհարկե, մոռանանք այս գիշերը: Եսլավ, ասացի: Գրկեցի վերջին անգամ: Ու դուրս եկանք լույս աշխարհ, ուր քաղաքն արդեն սկսել էր իր եռուզեռը: Բաժանվեցինք, ու ամեն մեկս գնաց իր ճանապարհով: Նա հովազի, ես էլ կիսաբույս կիսահովազի, որն ուզում էր հովազ դառնալ:Բայց կդառնա±մ: Չգիտեմ: Հոտը տվեց հետս տուն տանեմ գիշերը ինձ տրամադրած իր վերնաշապիկի մեջ, նվիրեց ինձ, երեւի որ չմոռանամ, որ հովազ եմ: Հիմա հագնում եմ ու հիշում որ հովազ եմ, բույս չեմ: Փորձում եմ դառնալ հովազ: Ես երջանիկ եմ: Հովազի հոտ ունեմ: Հովազի սիրտ: Միայն հովազ չունեմ, որ ընդմիշտ հանի ինձնից բուսական կախարդանքս:

 

Դե հիմա: Կյանք է:

 

Նա հովազ էր ուղղակի, ես էլ ընդամենը բույս էի, որն ուզում էր հովազ դառնալ

 

Leave a Comment »

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.
Entries and comments feeds.

%d bloggers like this: