Լուսինե Վայաչյանն եմ

Իմ անունն է Լուսինե։ Ես միայնակ կին եմ, եւ մայր, անտուն ու անտաղանդ, անդեմ ու անկյանք, առանց ներկայի ու ապագայի, լավի ու վատի երկակիության ընկալողունակության բավականին տարօրինակ ու պրիմիտիվ գավառական էակ եմ։ Դժվար, բայց հետաքրքիր կյանք եմ ապրել։ Ոչնչի համար չեմ փոշմանում ու չեմ ամաչում։ Բայց ստիպված թաքցնում եմ բոլորից, բացի ծնողներիցս։ Ծնողներս այդ ամենն իմանալով անձս չեն հարգում, ու ինձ տանում են իմ այժմեական բուսական կյանքով, ինչպես մարդ տանում է առանց պոչի ճամպրուկը, բայց ծանր բեռ եմ, համ ինձ տանելն է դժվար, որովհետեւ պոչ չունեմ, համ էլ ափսոսում են դեն գցեն, որովհետեւ իրենց աղջիկն եմ։ Օր օրի վրա օրերս էի սպանում, ինչ որ բաներ կարդում, ինչ որ մարդկանց հետ զրուցում ինտերնետով, վերջերս էլ սկսել եմ գրել։ Ինտերնետային ընկերս հավանել է գրելաոճս, իմ նամակներից ելնելով, ու մտածել է, որ ես կարող եմ ստեղծագործել։ Դե ես էլ սկսել եմ գրել իմ կյանքի պատմությունը, վախենալով իհարկե հետեւանքներից, բայց էլ ճար չկար, էլ խեղդվում էի կյանքիս երկակիությունից, իմ ճղճիմ ու անիմաստ բուսական գոյությունից։ Գրում եմ, տեղ տեղ գեղազարդելով, որովհետեւ համ ուզում եմ զրուցել բոլորի հետ, ուզում եմ տեսնեն իմ ներքնաշխարհը, համ էլ չեմ ուզում համայն աշխարհին լրիվ մերկանալ, դե համ էլ գրականություն է, սազական է։ Գրականությունը հնարել են երազողները, որ անպատիժ խաբեն, նա մի կախարդական փայտիկ է, նա հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալդ, ու մի հպումով ուղղել սխալներդ, մտադրություններդ դարձնում է առավել մաքուր, գործողություններդ անվնաս։ Ու դու զգում ես, որ մաքրելով քո կյանքի վրա գոյացած տարատեսակ ու տարաբնույթ օտարածին շերտերը, ինքդ էլ ես սկսում մաքրվել, ու կյանքդ սկսում է զարմանալիորեն վերափոխվել, իմաստավորվել։ Երբեմն փոշմանում եմ, որ բացել եմ այս պանդորայի արկղը, բայց էլ չեմ կարողանում կանգ առնել։ Գրում եմ, գիշեր, ցերեկ, ամեն ինչ մասին,առանց գնահատական տալու առանց լավի կամ վատի, որոշ բաներ ստացվում են, ընկերս գովում է, ասում է գրականություն է, ու ես այդ դեպքերում նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ գոհ ժպտում եմ, որովհետեւ ինձ թվում է, թե ես վերջապես գտել եմ կյանքում իմ տեղը, իմ խորուկը, որտեղ ես ինձ լավ եմ զգում, ու ինչ որ պիտանի բան եմ անում, այնպիսի բան, որ կարող է մնայուն դառնալ, եթե չմեռնի, եթե ընդունվի ինձ ծնած, բայց այսքան տարիներ օտար եղած հայ հասարակության կողմից։ Երբեմն էլ քննադատում է, ու ես սկսում եմ ինձ թափ տալ, մոռանալ գովեստներն ու տքնել գրականություն կերտելով, որը կարող է գրականություն էլ չի, ու չի դառնա, որովհետեւ չափազանց բաց է, ու անկեղծ, բացում է իմ ներքնաշխարհի դռները, ու հրավիրում է ապրել ինձ հետ միասին իմ կյանքը։ Իսկ անկեղծությունն ու լպիրշությունը շատ դժվար է տարբերել իրարից մեր օրերում, երեւի միայն կարելի է համեմատել պոռնոգրաֆիայի ու էրոտիկայի ժանրերի կռվի հետ։ Դե հիմա, թե ո՞նց կգնահատվի իմ անկեղծությունը, տքնելուս շնորհիվ կդառնա գրականությո՞ւն, թե կմնա լպիրշ ու լկտի, անպատկառ հոգու պոռնոգրաֆիա, կախված է ոչ միայն ինձնից, այլ նաեւ այս ամենը կարդացողներից ու ընկալողներից։ Չգիտեմ։ Ես գրող չեմ, բայց փորձում եմ գրականություն ստեղծել, ու եթե դա իմ հայրենակիցներին պետք կգա, կընդունվի, կմարսվի, ուրեմն ես կհամարեմ, որ կյանքս իզուր չեմ ապրել։ Ճանաչման չեմ ձգտում,այսպիսի տեքստերը եթե ճամաչում էլ բերում են, ապա միայն կասկածելի ու ծայրահեղ հակասական, հատկապես անասնահոտի մենթալիտետ ունեցող հայ հասարակության մեջ, բայց ուրախ կլինեմ, եթե հայրենակիցներիս գոնե ինչ որ փոքր տոկոս հաճույք ստանա իմ գրածներից, միգուցե մեկը իմ մեջ տեսնի իր մասնիկը, որը ստիպված է եղել ինձ նման թաքցնել։ Հայերենը բարդ լեզու է, ու շատ գեղեցիկ, սակայն գրական եւ խոսակցական հայերենի այդքան տարբեր լինելու պատճառով գրականությունն ու կյանքը դարեր շարունակ տարբերվել ու առանձնացվել են իրարից։ Կարող էի գրել դասական գրական լեզվով, գեղեցիկ ու վերամբարձ ոճով ու բառերով, ինչպես ձգտում եմ գրել այս նախաբանը։ Բայց ես իմ տեքստերում խոսում եմ այսօրվա հայի ապրելու լեզվով, երբեմն օգտագործում եմ այնպիսի բառեր, որոնք մինչեւ հիմա հազվադեպ են հայտնվել արտաքնոցների պատերից եւ այլ նմանատիպ տեղերից բացի գրավոր տեսքով, արտասանվել են տղամարդկանց կողմից իրենց ընտանիքների կանանց ականջներից հեռու, իսկ կանայք իրար մեջ մեծ մասամբ սուրճ խմելիս կամ կռվելիս։ Երկու խումբն էլ առանց քաշվելու միայն պոռնիկների ականջները չեն խնայել։ Ինձ համար դժվար էր ընդունել տեքստերում դրանց օգտագործման անհրաժեշտությունը, բայց ընթացքում հասկացա, որ եթե ուզում եմ ստեղծել կենդանի կերպարներ, որոնք ապրում են մեր մեջ, ուրեմն պիտի նրանք խոսան այն լեզվով, ինչ լեզվով խոսում են ապրելիս, օգտագործեն այն բառերը, որոնք օգտագործվում են կենցաղում։ Միայն այդ դեպքում գրականությունը կդադարի լինել կյանքից առանձնացված ու արհեստականորեն սրբատեղի դարձված, ու գուցե սկսի պտուղներ տալ, ի դեմս խաղաղացած հոգիների, եւ սեքսուալ բավարարված երջանիկ ընտանիքների։ Գրաբարն էլ է մի օր վերացել գրքերի էջերից, եւ գրականությունը դարձել է մատչելի ու հասկանալի շատ ավելի լայն մասսաների համար։ Գուցե՞ եկել է պահը հիմա քանդելու այս վերջին անջրպետը, որպեսզի մեր հայ հասարակությունը հրաժարվի իր երեսպաշտ կյանքից։ Եթե իմ օգտագործած «անպարկեշտ» բառերը ծակում են ձեր ականջները, ուրեմն դուք այստեղ չեք ապրում, ուրեմն դրանք արհեստական ու սուտ ականջներ են, կամ էլ ինչես միշտ , դուք նրանք փակել եք այդ բառերը լսելիս։ Բացեք նրանք։ Եթե ձեր աչքերը մթագնում են դրանք կարդալիս, ուրեմն դուք վարդագույն ակնոցներ եք հագել, ժամանակ է հանել դրանք ու նայել կյանքի իրականությանը։ Ես դա արել եմ, ցավագին, բայց կույր աղիքն էլ են ցավով հեռացնում, նույնիսկ անզգայացնում են։ Կփորձեմ այդպես։ Կանզգայացնեմ ձեր երեսպաշտ բարոյականությունը, ու թող իսկական գիտակցաբար, ինքերդ ձեզ համար ընտրված, ոչ թե ձեր վզին փաթաթված հայահոտի ավանդապահությամբ ու կեղծ հասարակական բարոյական նորմերով զոմբիացված ձեր գիտակցությունը, միտքը դուրս գա ճղճիմ կենցաղային ամոթի ու մեղքի սահմաններից ու ճախրի ազատ թռիչքի մեջ։
Սեքսի որակը գրքերի էջերին կարելի է ընկալել նրա միայն մանրամասն նկարագրություններից, հերոսների զգացածն ու ապրածը նույնպես։ Դրա համար սեքսը նկարագրել եմ ինչպես սեքս, համարյա ամեն ինչին տալով իրենց անունները, բայց ձգտել եմ պահպանել «երկուսի պահի» կախարդանքի խորհրդավորությունը։ Հուսով եմ, որ պոռնոգրաֆիայի չի վեր ածվել։
Ու ես մենակ չեմ այս մղումով գործում։ Մենք փորձում ենք քանդել հայ երեսպաշտության չինական պատը, հայ կնոջը ստիպել ընդունել իր ցանկասիրությունն ու լինել ցանկալի իր տղամարդու համար,բացահայտվել ինքն իր առջեւ, պարզել իր ովությունը, եթե կուզեք նույնիսկ պահանջել իր բաժին օրինական որակյալ սեքսը։ Հայ հասարակայնությանը պե՞տք է այսպիսի գրականություն։
Հուսով եմ, որ անարգանքի սյունին գամված չեմ ավարտի ինձ բաժին հասած կյանքիս օրերը։ Չէ՞ որ ես կին եմ, հայ կին։
Ամենայն բարիք։
Լուսինե

4 Comments »

RSS feed for comments on this post. TrackBack URI

  1. Լուս, Վայաչիկներ անունը հավանեցի: Վա~յ, աչիկ?

  2. Adashner enq….:))))))))))))

  3. Անկեղծ ես, ուրեմն ուժեղ ես:

  4. անպոչ ես բայց լավն ես


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.
Entries and comments feeds.

%d bloggers like this: